Դարավոր դաշինք. Պեկին-Թեհրան առանցքը խարխլում է ԱՄՆ պատժամիջոցները և ԱՄՆ ողջ քաղաքականության հիմքերը

Չինաստանի և Իրանի միջև 25-ամյա ռազմավարական համաձայնագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել 2021 թ. մարտի վերջին, Իրանի կառավարության ղեկավար Հասան Ռոհանիի նախագահական ցիկլի հիմնական արդյունքներից մեկն էր, ով հեռանալու է առաջիկա շաբաթների ընթացքում: Համաձայնագիրը հեռանկարներ է բացում Իրանում չինական հսկայական ներդրումների համար և միևնույն ժամանակ լուրջ ազդանշան է ծառայում ԱՄՆ-ին` կապված անցանկալի երկրների դեմ իր պատժամիջոցային քաղաքականության հետ: Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացված՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու հստակ գործողություններ Վաշինգտոնի կողմից դեռ չկան, և Պեկինը ցույց է տալիս, որ Թեհրանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է բարելավել՝ առանց Ամերիկային հայացք գցելու, մանավանդ որ համաձայնագիրը նախապատրաստվել է մի քանի տարի շարունակ։ Չինաստանը չի թաքցնում, որ պատրաստ է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները. վերջին շրջանում կտրուկ աճել են չինական ձեռնարկությունների կողմից իրանական նավթի գնումները: Այսպիսով, Միացյալ Նահանգները հայտնվում է մի իրավիճակում, երբ համաշխարհային հեգեմոնի դիրքը նրանցից պահանջում է սիմետրիկ տնտեսական արձագանք, սակայն Բայդենի վարչակազմն առայժմ սրացման է գնում միայն հումանիտար ոլորտում՝ օգտագործելով մարդու իրավունքների թեման որպես Չինաստանի վրա ճնշման պատրվակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն հույս է հայտնել, որ ԱՄՆ հիմար քաղաքականությունը համարյա «Թուկիդիդեսի ծուղակն է», իսկ Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «բավարար իմաստուն կգտնվեն՝ պատերազմ չսկսելու համար»

Ընթերցողներն արդեն կարող են հասկանալ, որ գոյութոյւն ունի լուրջ պատճառ, որի համար Իրանի և Չինաստանի միջև վերջին 25 տարվա համաձայնագիրն աշխարհի առաջատար փորձագետների և վերլուծաբանների կողմից անմիջապես դարձել է խոր ուսումնասիրության առարկա (ցավալի է, որ դա չի կարելի ասել մեր Հայաստանի մասին …), մանավանդ որ Թեհրանն արդեն հայտարարել է. հաջորդը` Ռուսաստանի հետ նոր ռազմավարական համաձայնագրերն են: Սակայն աշխարհի քաղաքական գործիչների սեղանին առայժմ իրանա-չինական դաշինքն է՝ երկարաժամկետ ռազմավարության հայացքներով: Չինաստանը պատրաստ է դիմակայել հեգեմոնությանը և ահաբեկմանը, պաշտպանել միջազգային արդարությունը և աջակցել միջազգային նորմերին Իրանի և այլ երկրների ժողովրդի հետ, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին Իրանի հետ 25-ամյա համաձայնագրի ստորագրումից հետո (Թեհրանում ստորագրվել է մարտի 27)։ Գաղտնիության նկատառումներից ելնելով՝ համաձայնագրի տեքստը չի հրապարակվել. չինական պաշտոնական մամուլում նշված են միայն դրա հիմնական ուղղությունները: Ինչպես նշում է «Global Times» թերթը՝ Չինաստանի հիմնական թերթի «Ժենմին ժիբաո»-ի անգլալեզու տարբերակը, համաձայնագիրը կարող է Չինաստանին ապահովել Իրանից կայուն նավթի մատակարարում, ինչպես նաև դյուրացնել չինական ներդրումները Իսլամական Հանրապետության բանկային, հեռահաղորդակցման, նավահանգստային և երկաթուղային ոլորտներում: Բացի դրանից, հաղորդվում է, որ Չինաստանն օգնելու է Իրանին՝ զարգացնել ազատ առևտրի գոտին և ենթակառուցվածքներ ստեղծել 5G ցանցերի համար: Իրանական կողմից ստորագրված համաձայնագիրը մեկնաբանել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ, երկրի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին: Փաստաթուղթը ոչ թե համաձայնագիր է, որը պարունակում է երկու երկրների հաջորդ քառորդ դարի համագործակցության մանրամասները, այլ քաղաքական, ռազմավարական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկարաժամկետ գործընկերության ճանապարհային քարտեզ է: Բացատրելով, թե ինչու է որոշվել դասակարգել փաստաթղթի ամբողջական տեքստը, Խարազին նշել է, որ պայմանագիրը կապված է ազգային անվտանգության շահերի հետ և հիշատակել է նմանատիպ նախադեպեր, երբ այլ երկրներ Չինաստանի հետ կնքում էին նույն համաձայնագրերը:

Դիտորդները նաև շեշտում են, որ համաձայնագիրը արձանագրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում չինա-իրանական հարաբերությունների համատեքստում: Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թ. «Միջուկային գործարքի» կնքումից հետո, նրանց ղեկավարներից առաջինը, ով 2016-ի հունվարին պաշտոնական այց կատարեց Իսլամական Հանրապետություն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն էր. դա Չինաստանի առաջնորդի առաջին ուղևորությունն էր Իրան 10 տարիների ընթացքում: Միևնույն ժամանակ սկսվել է համապարփակ համաձայնագրի նախապատրաստումը. Խարազիի խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Սի Ցզինպինի Իրան կատարված հիշարժան այցի ընթացքում: Համագործակցության ամրապնդման մասին հաջորդ հայտարարությունն արվել է 2019-ի մարտին, երբ Չինաստանը և Իրանը հայտարարել են «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության նախագծերը կյանքի կոչելու լրացուցիչ քայլերի մասին: Համաձայնագրի ընդհանուր պարամետրերը հանրայնացել են անցած տարվա ամռանը, երբ «New York Times» թերթը հաղորդել է, որ Չինաստանը պատրաստվում է Իրանում $400 միլիարդի ներդրումների 25-ամյա ծրագիր։ Հենց այդ գումարն է հիշատակվում մարտի վերջին Թեհրանում արձանագրված պայմանավորվածությունների մասին բազմաթիվ հաղորդագրություններում: Ինչպես իր մեկնաբանության մեջ պնդում է «Global Times»-ը, Արևմտյան որոշ լրատվամիջոցներ Չինաստանի և Իրանի միջև խորացող երկկողմ համագործակցությունը մեկնաբանել են որպես աշխարհաքաղաքական մարտահրավեր Միացյալ Նահանգներին: Միևնույն ժամանակ, Պեկինի պաշտոնական դիրքորոշումը, որը հեռարձակել է «Global Times»-ը, այն է, որ «ի տարբերություն Արևմուտքի՝ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական մրցակցություն սերմանելու հակվածության, Չինաստանը հակված է տարածաշրջանում անվտանգության խնդիրները լուծելու հարցերում ավելի մեծ ջանքեր գործադրելուն… Չինաստանի իշխանությունները ցույց են տվել ավելի մեծ հուսալիություն և կայունություն, քան ԱՄՆ իշխանությունները, որոնց քաղաքականությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նկատմամբ փոխվում է ամեն անգամ, երբ Սպիտակ տուն է գալիս նոր վարչակազմ: Այնուամենայնիվ, համաձայնագիրը ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, ընդգծում է Չինաստանի արտգործնախարարությունը:

Իր նախընտրական արշավի ընթացքում Բայդենը մեկ անգամ չէ, որ խոսել է Իրանի նկատմամբ ավելի փոխզիջումային դիրքորոշում ունենալու իր պատրաստակամության մասին, քան Թրամփը, ով իր նախագահության հենց սկզբում նոր պատժամիջոցներ է կիրառել Իսլամական Հանրապետության դեմ: Մասնավորապես, Բայդենը պնդում էր, որ պատրաստ է վերադառնալ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, ինչը կթեթևացնի պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են իրանական նավթի արտահանմանը: Թեհրանը ուշադրությամբ հետևում էր այդ ազդանշաններին, և ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մի քանի օր անց հայտնվել է տեղեկություն, որ Իրանը մտադիր է ավելացնել 2021 թվականին նավթի արդյունահանումը: Նախորդ դեկտեմբերի կեսերին Իրանի էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է նոր ֆինանսական տարվա ծրագիրը (որը սկսվել է այս մարտին), որը ենթադրում էր, որ նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման ծավալը կկազմի օրական 4,5 միլիոն բարել և դրա կեսից ավելին գնալու է արտահանման: Այսպիսով, Իրանը փաստացի հայտարարել է արտահանման այն մակարդակին վերադառնալու իր մտադրության մասին, որը գոյություն ուներ մինչ Թրամփի պատժամիջոցների կիրառումը՝ օրական մոտ 2 միլիոն բարել նավթ: Անցած տարի այս ցուցանիշն ընկել էր օրական 600-700 հազար բարելի: Սակայն այն բանից հետո, երբ Բայդենը դարձել է Սպիտակ տան լիիրավ սեփականատեր, Միացյալ Նահանգները ոչ մի քայլ չի ձեռնարկել Իրանին ընդառաջ, և Թեհրանը որոշել է արագացնել իրադարձությունները՝ խաղադրույք կատարելով ամերիկյան պատժամիջոցների բացահայտ անտեսման վրա: Սա ակնհայտորեն հավանության է արժանացել Չինաստանում, որն այժմ հանդիսանում է նավթի համաշխարհային պահանջարկի հիմնական շարժիչ ուժը: Այս տարվա սկզբից պարբերաբար հայտնվում են հաղորդումներ այն մասին, որ չինական վերամշակողները մեծացնում են իրանական (ինչպես նաև վենեսուելական) «պատժամիջոցների ենթարկված» նավթի գնումները: Մասնավորապես, «Refinitiv Oil Research» գործակալությունը հաշվարկել է, որ հունվարին Չինաստանը ստացել է ռեկորդային 3,37 միլիոն տոննա իրանական նավթ, իսկ մարտին, ենթադրաբար, այդ ծավալը հասել է 3,75 միլիոն տոննայի կամ 27 միլիոն բարելի: Այլ կերպ ասած, Իրանն արդեն հասել է օրական 1 միլիոն բարել նավթի արտահանման ծավալին միայն Չինաստան, ինչը ամեն դեպքում զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:

Իրանա-չինական ռազմավարական դաշինքի մյուս կարևոր բաղադրիչները կդիտարկենք ավելի ուշ։ Սակայն արդեն այժմ կարող ենք եզրակացնել. անկախ նրանից, թե ով է դառնալու Իրանի նոր նախագահ, և անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու ԱՄՆ-ի՝ Թեհրանի հետ «միջուկային գործարքի» շրջանակներ վերադարձնելու ջանքերը, դժվար թե կասկածի տակ դրվի Թեհրանի ռազմավարական դաշինքը Պեկինի հետ: «Իրանը ինքնուրույն որոշումներ է կայացնում այլ պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ և նման չէ այն առանձին երկրներին, որոնք փոխում են իրենց դիրքորոշումը մեկ հեռախոսազանգով», – ստորագրված համաձակնագիրը մեկնաբանել է այդ փաստաթղտի գլխավոր գաղափարախոսներից մեկը`Ալի Արդաշիր Լարիջանին, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ավագ խորհրդականը: Ամերիկան և ամերիկամետ բոլոր խամաճիկները պետք է խորը մտածեն իրենց ապագայի մասին…

Սերգեյ Շաքարյանց