Հունաստանը Գերմանիայից որպես «հատուցում» 377 մլրդ եվրո է պահանջում

Աթենքի կառավարությունը վերականգնել է պատերազմի վնասների հատուցման մասին Գերմանիայի հետ բանակցությունների իր պահանջը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական զորքերի կողմից Հունաստան ներխուժման 80-ամյակին ընդառաջ, առաջ քաշելով Գերմանիայից որպես «հատուցում» 377 միլիարդ եվրոյի պահանջ։ Այս մասին գրել է Greek City Times-ը։

«Հարցը մնում է բաց, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել: Այս պահանջները վավեր են և ակտիվ, և դրանք կհաստատվեն ցանկացած միջոցով», – գերմանական DPA լրատվական գործակալությանն ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն:

Հունաստանը վերջին անգամ բանակցությունների պաշտոնական կոչ էր արել 2019-ին՝ ձախակողմյան վարչապետ Ալեքսիս Ցիպրասի օրոք: Բայց ներկայիս պահպանողական վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը 2020-ի հունվարին ասաց, որ Աթենքը դեռ հարցը համարում է բաց, չնայած մինչ այժմ ձեռնպահ էր մնում այդ հարցով Բեռլինի վրա ճնշում գործադրելուց:

Հիտլերյան Գերմանիայի օկուպացիայի ներքո, 1941 թվականի ապրիլից մինչև 1944 թվականի սեպտեմբեր սպանվել է Հունաստանի 300 000 քաղաքացի:

Գերմանիան ասում է, որ հարցը համարում է լուծված այսպես կոչված «Երկու գումարած չորս» համաձայնագրով, որը ստորագրվել է 1990 թ., ինչը թույլ տվեց հաջորդ տարի միավորված Գերմանիային լիովին ինքնիշխան դառնալ: Պայմանագիրը ստորագրել են նախկին Արևելյան և Արևմտյան Գերմանիաները և Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան և Խորհրդային Միությունը:

Փոխհատուցումները փաստաթղթում հստակ նշված չէին: Երկրները, ինչպիսիք են Հունաստանը և Լեհաստանը, որոնց պատերազմի ժամանակ գրոհել էր Գերմանիան, չեն ընդգրկվել պայմանագրի բանակցություններում:

2019-ին Բունդեսթագի զեկույցը ցույց տվեց, որ Հունաստանի հայցերն իրավաբանական կշիռ ունեն՝ անվանելով Գերմանիայի կառավարության դիրքորոշումը «ընդունելի», բայց «ոչ մի դեպքում պարտադիր» միջազգային օրենսդրությամբ: