Հայկական էպոսը իբրև միջմշակութային երկխոսություն՝ երգեցիկ ֆրանսերենով

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայացնի հայկական «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսի երաժշտական բեմադրությունը: Ապրիլի 13-19-ը ֆրանսիական թատերախումբը կշրջի քաղաքից քաղաք ու ֆրանսերենով կպատմի հայկական էպոսի երեք գլուխները՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ:

Հայկական էպոսին անդրադառնալու գաղափարը ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի մեջ ծագել է՝ տեսնելով, թե ինչպես են այլ թատերական միություններ ներկայացնում հնդկական, աֆրիկյան, սկանդինավյան հեքիաթները Ֆրանսիայում։

«Բազմազգ Ֆրանսիան նաև մշակութային խաչմերուկ է․ այստեղ կարելի է տեսնել տարբեր մշակույթների դրսևորումներ, և ֆրանսիացիները մեծ հետաքրքրությամբ են դիտում նմանատիպ ներկայացումները։ Շատ կարևոր էր, որ մեր նորաստեղծ թատերական միությունն ունենար ձեռագիր և ոճ, որով կառանձնանար։ Ամուսնուս հետ որոշեցինք անել այն, ինչն ամենալավը գիտենք՝ անդրադառնալ մեր մշակութային գոհարներին, բայց ընդգրկել ներկայացումների մեջ ֆրանսիացի արտիստների, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են և այնպես կառուցել մեր բեմադրությունները, որ մյուս մշակույթները և մեր մշակույթը երկխոսեն»,- ասում է բեմադրիչը։

Այսօր առավել, քան երբևէ կարևոր է հայկական էպոսին անդրադառնալը, չէ՞ որ այն մեր ազգային հավաքական ուժի դրսևորումն է։

«Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը ֆրանսերենով է՝ հայերեն ենթագրերով։

Ներկայացումը հյուրախաղերով կներկայանա Հայաստանի տարբեր քաղաքներում՝

Ապրիլի 13, ժամը՝ 15։00, Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ապրիլի 14-ին, ժամը՝ 17։00-ին՝ Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոն

Ապրիլի 15-ին, ժամը՝ 17։00-ին՝ Գյումրու «Տիրամայր Արհեստի Դպրոց » Հիմնադրամի «ԲԵՆԻԱՄԻՆ ԵՎ ԵՒԱ ԷՔՄԷՔՃԵԱՆ » համերգային դահլիճ,Ապրիլի 17-ին, ժամը՝ 17։00-ին՝ Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական թատրոն

Ապրիլի 19-ին, ժամը՝ 19։30-ին՝ Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն

Սաթէ-Աթղը թատերական միության «Սասնա Ծռեր» հայկական էպոսի հայաստանյան հյուրախաղերն իրականանում են Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հրավերով։ Հայաստանյան հյուրախաղերից զատ հյուրախաղեր են սպասվում նաև Ֆրանսիայում։ Բեմադրությունը կներկայացվի ֆրանսիական Վիեն, Գրենոբլ, Բուրգ-Լե-Վանանս և Լիոն քաղաքներում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Նախագիծն իրականանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաև Իրապա հարթակի աջակցությամբ։

Հայաստանյան հյուրախաղերի գործընկերներն են նաև Գեղարքունիքի մարզպետարանը, Սևան և Գորիս քաղաքները, ինչպես նաև Գյումրու «Տիրամայր Արվեստի դպրոցը»։

Սաթէ-Աթղը թատերական միությունը 44-օրյա Արցախյան պատերազմի մեր քաջարի հերոսների վառ ու անմահ հիշատակին նվիրված նոր ներկայացում` է բեմադրում «Ես զինվո՛ր եմ կրում», որը հանդիսատեսի դատին կհանձնվի նոյեմբերին: 

Սաթէ-Աթղը թատերական միության մասին

Սաթէ-Աթղը թատերական միությունը 2018 թվականին՝ ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում, ներկայացավ հայ հանդիսատեսին ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» ներկայացմամբ /Տիկնիկային թատրոն, ռեժիսոր՝ Սաթէ Խաչատրյան/, ինչպես նաև «Կյանքի երեք տարբերակ» թատերականացված ընթերցում-ներկայացմամբ՝ Լոֆթում /Ռեժ.՝ Սաթէ Խաչատրյան և Սերժ-Մելիք Հովսեփյան/։ «Զանգակ» գրատանը կայացավ Ռեզայի պիեսների հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը /թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան/։

2019 թվականին Սաթէ-Աթղը թատերական միությունը հայ հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք․ «Սուտ» ներկայացում, «Հայրը», «Որդին» պիեսների թատերականացված ընթերցումներ /Համազգային թատրոն, ռեժիսոր՝ Սաթէ Խաչատրյան/։

2021 թվականի ապրիլի 20-ին՝ Համազգային թատրոնում կկայանա Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը /թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան/։

2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Սաթէ-Աթղը թատերական միությունը կներկայանա Քսավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություններ» պիեսի բեմադրությամբ՝ Լոֆթում /բեմադրիչ և թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան/։

2021 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կկայանա «Ես զինվոր եմ կրում» ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը պատմում է 44 օրյա արցախյան պատերազմի մասին։