Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան

Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հայաստանյան թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին:

Նա հիշեցնելով, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին, նշել է, որ Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:

«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը: