Բարձր գնաճը խոսում է Հայաստանում տնտեսական քաղաքականության լուրջ ձախողումների մասին

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր, ապրիլի 5-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի հունվար-մարտ ամիսների սպառողական գների ինդեքսը: Ըստ վերջինիս, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառողական շուկայում գնաճը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5.2%, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 7.2%, ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 9.5%, հագուստի և կոշիկի գնաճը՝ 4.9%, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գնաճը՝ 0.9% , տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության մասով գնաճը՝ 7.1%, տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 7.2%, առողջապահության ոլորտում՝ 5.9%, կրթության ոլորտում՝ 2%, կապի ոլորտում՝ 0.8%, հանգստի և մշակույթի ոլորտում՝ 0.1%, ռեստորանների և հյուանոցների մասով՝ 2.1%, այլ ապրանքների և ծառայությունների մասով՝ 4.3%:

Ըստ նույն հրապարակման՝ 2021 թվականի մարտ ամսվա սպառողական շուկայի գնաճը նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ կազմել է 5.8%, 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ՝ 3.8%, 2021 թվականի փետրվարի նկատմամբ՝ 1 %:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 9.0%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.6% և 1.9%:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. Մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի 0.7% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում` 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:

Ինչպես տեսնում ենք, գնաճի զսպմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի քայլերը, այն է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, էական ազդեցություն չի ունեցել գնաճային միջավայրի վրա: Իրականում, Հայաստանի գնաճը փետրվարին` նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ կազմել է 2.8%, ինչը աշխարհի մասշտաբով երկրորդն է՝ Բելառուսից հետո, որտեղ նույն ժամանակահատվածում գնաճը եղել է 3.1%: Իսկ օրերս ականատես եղանք ձվի շուկայում գների գրեթե 200 տոկոսանոց բարձացման: Այս ամենը խոսում է Հայաստանում տնտեսական քաղաքականության լուրջ ձախողումների մասին»: