Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության հիման վրա վարույթում քննված դատական գործերով պաշտոնեական կեղծիքներ կատարելուն։

Դատարանը որոշել էր Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով և Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին վերացնել, վերացնել նաև նրանց նկատմամբ ՀՀ սահմանը հատելու արգելքը այդպիսին կիրառված լինելու դեպքում: