Թուրքիայում ձերբակալել են Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող ծովակալներին

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է թոշակի անցած 10 ծովակալի, որոնք ստորագրել էին Մոնտրյոյի կոնվենցիան պաշտպանող հավաքական նամակը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, ևս 4 ծովակալի հարցաքննության են կանչել դատախազություն:

Հիշեցնենք, որ կիրակի 103 թոշակի անցած թուրք ծովակալ նամակ էին հրապարակել` Մոնտրյոյի կոնվենցիան անվանելով Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որով վերականգնվել են Բոսֆորի և Դարդանելի նեղուցով նավարկելու ինքնիշխան իրավունքը: Նրանք նաև հայտարարել էին, որ անընդունելի է այդ կոնվենցիայի վերանայումը` կապված «Ստամբուլ» ջրանցքի նախագծի հետ, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և միավորելու է Մարմարա ծովը Սև ծովի հետ:
Բացի այդ, նամակում կարծիք է նշվում, որ անհրաժեշտ է պահպանել Թուրքիայի ներկա սահմանադրությունը` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոր սահմանադրություն մշակելու շուրջ կոչի ֆոնին:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոնտրյոյի կոնվենցիան, որը կարգավորում է նավերի երթևեկությունը Բոսֆորի նեղուցով, չի տարածվի «Ստամբուլ» ջրանցքի վրա:

Մոնտրյոյի կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թվականին, ապահովում է բոլոր երկրների առևտրային նավերի ազատ տեղաշարժը նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական դրության ժամանակ:

Նամակում ծովակալները զգուշացրել էին որևէ որոշում չկայացնել, որը կարող է խաթարել Մոնտրյոյի միջազգային կոնվենցիան, որով կարգավորվում է նավերի երթևեկությունը, ինչպես նաև մուտքն ու ելքը Սև ծով և որը, ըստ ծովակալների, թույլ տվեց Թուրքիային չեզոքություն պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և, ընդհանուր առմամբ, ապահովում է խաղաղությունը Սև ծովում:

Երկրում մտավախություն է առաջացել, որ Էրդողանը կարող է դուրս գալ կոնվենցիայից: Դրա համար պատճառ է դարձել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը, որի համաձայն` «նախագահն իրավունք ունի դա անել, եթե ցանկանա»: Հետագայում Շենթոփը մեկնաբանել էր իր հայտարարությունը` ասելով, որ խոսքը նման մտադրության մասին չի եղել:
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դատապարտել են ծովակալների նամակը: Էրդողանի ներկայացուցիչ Ֆայրեթին Ալթունը քննադատել է նամակի հեղինակներին` վերջիններիս անվանելով «օտարերկրա իշխանությունների կամակատարներ»: Շենթոփը, իր հերթին, նամակը որակել է որպես ռազմական հեղաշրջման ակնարկ:

Քաղաղագիտության պրոֆեսոր Գյոքհան Բաչիկը կարծիք է հայտնել, որ բառերի այս պատերազմը կարող է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ձևավորված իսլամիստների, ուլտրաազգայնականների և քեմալականների դաշինքում ներքին պառակտման ազդանշան լինել:

Բացի այդ, ծովակալները իշխանություններին մեղադրել են բանակի իսլամացման համար: