ՌԴ-ն աստիճանաբար նվազեցնում է Ուկրաինայով գազի տարանցումը

Ուկրաինայի Գազատրանսպորտային համակարգի ղեկավար Սերգեյ Մակոգոնը կանխատեսել է, որ Ուկրաինայով գազի տարանցումը կկրճատվի տարեկան 10-ից 12 միլիարդ խորանարդ մետրով, հայտնում է korrespondent.net լրատվական կայքը։

«Ռուսական «Գազպրոմ»-ն աստիճանաբար նվազեցնում է Ուկրաինայի տարածքով տարանցումը: «Թուրքական հոսք» գազատարի գործարկումից հետո տարանցումը դեպի Թուրքիա, Հունաստան և Բուլղարիա ամբողջությամբ իրականացվում է նոր գազատարներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերգեյ Մակագոնը և հավելել, որ ապրիլի 1-ից Ռումինիա գազի մատակարարումն իրականացվում է Բուլղարիայի միջոցով։

Ենթակառույցի ղեկավարը նշել է, որ երկրի հարավային ուղղությամբ իրականացվում է գազի տարանցում միայն դեպի Մոլդովա։ Նա հավելել է, որ եթե «Թուրքական հոսք»-ի կառուցումը շարունակվի և այն անցնի Բուլղարիայով և Սերբիայով, ապա Ուկրաինայով գազի տարանցումը կկրճատվի տարեկան 10-12 մլրդ խմ-ով։ Ուկրաինայով գազի տարանցումը Ուկրաինային ոչ միայն զգալի եկամուտ է ապահովում, այլև հանդիսանում է երկրի էներգետիկ անվտանգության կարևոր տարր։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2019 թ. դեկտեմբերի վերջին և նախատեսված էր 5 տարվա համար։ Այս ժամանակահատվածում գազի տարանցման ընդհանուր ծավալը կազմելու է 225 մլրդ խորանարդ մետր: