Փաշինյանի մատնանշած պուրակի կառուցումը հրատապ է. գնումն իրականացրել են դարձյալ մեկ անձից. 168.am

Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տավուշցիներին ավետելով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կառուցելու մասին։

«Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը, լուսամուտները: Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի նաև մանկական «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է, կգործի նոր հյուրատուն»,- գրել էր Փաշինյանը։

Պատերազմի ավարտից հետո, սակայն, պարզվեց, որ Կառավարության ծախսային առաջնահերթությունների մեջ որևէ բան չէր փոխվել, և մարտի 21-ին Կառավարությունը պետբյուջեից պուրակի կառուցման համար հատկացրեց 42 մլն 813 հազար 200 դրամ։

Թեև գումարը հատկացվել էր, սակայն պուրակի կառուցման աշխատանքներն այդպես էլ չէին ընթանում, ինչի պատճառով էլ գործադիրի ղեկավարը նիստերից մեկի ժամանակ զայրացավ, թե  պուրակ կառուցելու փողն էլ են հատկացրել, բայց պուրակը չկա ու չկա։

Եվ ահա Տավուշի մարզպետարանում որոշում են կայացրել պուրակի կառուցման  աշխատանքները հրատապ կատարելու համար ոչ թե մրցույթ հայտարարել, այլ կատարել մեկ անձից գնում։

Եվ այսպես՝  Տավուշի մարզպետարանը Իջևանի Բենտոնիտշին ԲԲԸ-ից կատարել է 40 միլիոն 422 հազար դրամի գնում. պայմանագիրը կնքվել է մարտի 22-ին։

Պուրակի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունը ևս գնվել է  մեկ անձից՝  Մինքար ՍՊԸ-ից՝ գնման արժեքը 669 հազար դրամ։

Աղբյուր՝ 168.am