Թուրքը փոքր է մեր թշնամին լինելու համար․ Արծրուն Պեպանյան

ԹՈՒՐՔԸ ՓՈՔՐ Է ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մենք այն տեսակն ենք եղել, ով հավասարը հավասարի պես կռվի է բռնվել հին աշխարհի հզորների հետ:

Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Դարեհներից մեկն ասել է ՝«Հայերին հնարավոր չէ հաղթել»:

Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Ցիցերոնն ասել է՝ «Հայ զինվորը շատ անգամ քաջ է հռոմեացուց»:

Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին Բյուզանդիայի Մորիկ կայսրը տրտջացել է՝ համարելով խոտոր ու անհնազանդ ազգ:

Մենք այն տեսակն ենք եղել, ում մասին բյուզանդացի ժամանակագիրն ասել է՝ շուտով Բյուզանդիան կկործանվի, քանի որ պաշտոններում սկսել են քիչ տեղ տալ արիասիրտ և արդարամիտ հայերին:

Հետո մենք շեղվեցինք մեր բնատուր, դասական հատկանիշներից, ու նյութապաշտությունն այնքան տիրեց մեզ, որ Անիում տիրող բարքերը տեսնելով՝ մեր պատմիչը տագնապով գրեց, թե Աստված չի ների այս ամենը և պատիժ կուղարկի մեզ:

Ու պատիժը չուշացավ՝ եկավ թուրքի տեսքով:

Թուրքը մեր թշնամին չէ. նա փոքր է մեզ թշնամի լինելու համար:

Թուրքն ընդամենը չափի միավոր է, շեմային պայման է, որի միջոցով մենք պարզելու ենք՝ դաս առա՞նք արդյոք շեղումի համար մեզ հասցված պատժից և ուղղվեցի՞նք, թե՞ դեռ ոչ:

Թուրքը հատուկ ուղարկված միջոց է, հատուկ ստեղծված մեծաքանակ և ուժեղ, որպեսզի մենք հարկադրաբար համախմբվենք, ձգվենք, միաբանվենք, հզորանանք այն աստիճան, որ ունակ լինենք հաղթահարել նրան: Այդ դեպքում միայն մենք կվերագտնենք մեզ ու կվերադարձնենք մեր բնատուր, դասական հատկանիշներն ու դերը աշխարհում:

Ու խնդիրը չի դրվում այնպես, թե դա մենք կարո՞ղ ենք: Լացող ու տկար հայությունը պետք չէ ո՛չ մեզ, ո՛չ մարդկությանը, ո՛չ էլ Աստծուն, և այն կվերանա երկրի երեսից՝ հենց Աստծո կամքով:

Խնդիրը դրվում է այսպես՝ Մենք դա անելու՛ ենք: Անելու՛ ենք՝ հայաստանցիներով, Սփյուռքով, ողջ հայությունով՝ ի մի բերելով մեր ողջ ներուժը: Անելու ենք խելքով, կամքով, հնարամտությամբ, միաբանությամբ, որպեսզի վերստին դառնանք այն տեսակը, ում մասին կասեն՝

– նրան հնարավոր չէ հաղթել,

– նա քաջ է ամենքից,

– նա արիասիրտ է արդարամիտ…

Ահա, թե ի՞նչ պիտի անենք վաղվանից սկսած

 

Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից։