Ֆրանսիայում 3-րդ անգամ համազգային կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայում մեկնարկել է երրորդ համազգային «լոքդաունը»՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճով, ինչի ֆոնին երկրի հիվանդանոցներն արդեն գերծանրաբեռնվածության շեմին են:

Ինչպես հայտնում է BBC News-ը, բոլոր դպրոցներն ու ոչ պահանջված խանութները կփակվեն 4 շաբաթով: Բացի այդ, 19:00-06:00-ն պարետային ժամ է հայտարարվել երկրում:

Նշվում է, որ ուրբաթ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող կորոնավարակակիրների թիվն ավելացել է 145-ով, որը ամենամեծ մեկօրյա ցուցանիշն է հինգ ամսվա ընթացքում:

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ավելի շատ մահճակալներ հատկացնել «Քովիդ-19»-ով վարակված հիվանդների համար: Ներկա պահին մոտ 5000 հիվանդ է գտնվում վերակենդանացման բաժանմունքներում:

Associated press-ի փոխանցամբ՝ Լիոն քաղաքի գլխավոր մարզադաշտում զանգվածային պատվաստումների կետ է բացվել Զատկի հանգստյան օրերին: Հազարավոր մարդիկ երկրով մեկ տոներն անցկացնում են պատվաստման համար հերթերում:

Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 741 759 դեպք: Այս ցուցանիշով եվրոպական երկիրը 4-րդ տեղում է հայտնվել ողջ աշխարհում՝ շրջանցելով ՌԴ-ին և զիջելով միայն ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին: Երկրում կորոավիրուսից մահացածների թիվը հասել է 96 493-ի: