Մոսկվան հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին․ Կոպիրկինը՝ գերիների մասին
Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում և նպաստում է գերիների փոխանակման գործընթացին և գործընթացի հանգուցալուծման հույս ունի։
Մոսկվան հանդես է գալիս հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- այս մասին լրագրողներին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Աշխատանքը, բնականաբար, պետք է ավարտվի: Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Նպաստելով, որ իսկապես, վերջնական արդյունքում, իրականացվի այն սկզբունքը, որի մասին մենք ավելի վաղ խոսել էինք՝ «բոլորը բոլորի դիմաց»», – նշեց դեսպանը:
Անցած տարի նոյեմբերի 10-ի եռակողմ փաստաթղթի ընդունումից հետո հայկական կողմի համար անլուծելի է մնում Ադրբեջանում պահվող գերիներին ու պատանդներին վերադարձի հարցը: Ադրբեջանը հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, այնտեղ պահվողները իբրև դիվերսանտեր են։
Իրավապաշտպանների տվյալներով Ադրբեջանում պահվում է շուրջ 200 գերի։