Եթե տղաս ողջ լիներ՝ նա չէր կարող հանդուրժել այս իրավիճակը. Հայկազ Մկրտչյանը հետմահու պարգևատրվեց

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Զավենի Մկրտչյանի պարգևատրման արարողությունը, որը կազմակերպվել է Երրորդ բանակային կորպուսի կողմից։ Նա հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Հայկազը 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։

Հայկազի քույրը՝ Արևիկը, լրագրողներին պատմեց, որ եղբայրը շատ ուրախ մարդ էր, ժպիտը միշտ դեպքին, ծառայության ընթացքում էլ միշտ ուրախ է եղել. «Պատերազմի օրերին զրուցում էինք հետը, ասում էր՝ գիտես, ինչքան թուրքի անուն է գրվել քարերին իմ ձեռքով, մեր գնդի ձեռքով։ Ասում էր՝ հաստատ հաղթելու ենք,  վստահ էր՝ հետ է գալու»։

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն ասաց, որ համալսարանը ոչ միայն գիտելիքներ է տալիս, նաև դաստիարակում է որպես քաղաքացի։

«Պետք է ցավով նշեմ, որ ԵՊՀ-ն ունեցավ 60-ից ավելի նահատակներ, անհետ կորածներ։ Բոլորն էլ՝ որպես արժանի համալսարանականներ, մինչև կայնքի վերջին վայրկյանը պայքարեցին հանուն հայրենիքի և նահատակվեցին»,- ասաց նա։

Հիշելով վերջին զրույցը որդու հետ՝ Հայկազի մայրը ասաց․ «Զոհվելուց մեկ ժամ առաջ եմ խոսել նրա հետ, ասաց՝ շատ հոգնած է, իսկ հետո իմացանք, որ ծանր առաջադրանք է ունեցել, մոտ 40 կիլոմետր տարածք են պահել այդ օրը: Ասաց՝ շատ հոգնած է, հանգստանա ու կզանգահարի: Եթե տղաս ողջ լիներ՝ նա չէր կարող հանդուրժել այս իրավիճակը, հաստատ չէր հանդուժի»:

Հայկազ Մկրտչյանի մայրը, անդրադառնալով իշխանությունից պատասխան պահանջելու մասին հարցին, ասաց, որ իշխանությունից, բացի հրաժարականից, շատ այլ բաներ է պահանջում։ Ըստ նրա՝ եթե որդին ողջ լիներ, ապա չէր ընդունի այն, ինչ կատարվում է, իրավիճակը ուղղակիորեն անհանդուրժելի է: