Մահակ՝ ընդդիմության գլխին. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կքարոզեն ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որև է նորմի խախտում։ Ըստ հիմնավորման՝ այդ նորմերի փաստացի վերացմանն ուղղված հրապարակային կոչը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված, կասեցման հիմք կարող է լինել։ Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև  Քրեական օրենսգրքում, որով առաջարկում է մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության, «ինչպես նաև  հնարավորություն կտա հիմքեր ստեղծել այն կուսակցությունների գործունեության կասեցման համար, որոնք զբաղվում են սահմանադրական կարգի տապալման կամ դրա որև է տարրի չեղարկման քարոզչությամբ»։

Ըստ հեղինակի՝ ԱԱԾ-ն նշված դրույթների խախտմանն ուղղված քարոզչության հայտնաբերման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ին և  ՀՀ կառավարությանը, և  այդ հիմքով կուսակցության գործունեությունը կասեցվում է մինչև  ԱԺ հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը։ Նախագիծը, որը մահակ է Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի գլխին, ընդգրկված է առաջիկա քառօրյա նիստի օրակարգում»: