Նիդեռլանդները դադարեցրել է 60-ից ցածր տարիքի անձանց պատվաստումը AstraZeneca-ով

Նիդեռլանդները կողմնակի ազդեցությունների առաջացման պատճառով 60 տարեկանից ցածր անձանց շրջանում դադարեցրել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը։ Երկրի առողջապահության նախարարությանը հղումով գրում է տեղական De Limburger թերթը։

Բացի դրանից, տվյալ պատվաստանյութով պատվաստումը դադարեցվել է մինչև ապրիլի 7-ը: Երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցությունների շարքում պատվաստվածների մոտ արձանագրվել է նաև ծանր թրոմբոզ:

Կառավարության հետ խորհրդակցելուց հետո Նիդեռլանդներում կստեղծվի դեղամիջոցների գնահատման կոմիտե և առողջապահության խորհուրդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների բնակչուհին AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո մահացել է թոքերի էմբոլիայից։

Ընդհանուր առմամբ, այս դեղամիջոցով պատվաստվելուց հետո 25-ից մինչև 65 տարեկան հինգ կնոջ մոտ հայտնաբերվել է թրոմբոզ և թրոմբոցիտների ցածր քանակություն:

Նշենք, որ ներկայում ԵՄ 15-ից ավելի երկրներ դադարեցրել են պատվաստումը AstraZeneca-ով`պատվաստվածների մոտ գրանցված թրոմբոէմբոլիկ բարդությունների պատճառով: Եվրոպական կարգավորիչը հետաքննում է միջադեպերը, բայց առայժմ պատվաստումները շարունակվում են: