Ընտրությունները ոչ թե ճգնաժամը հաղթահարելու համար է, այլ Նիկոլին արտաքին ուժերի առաջ լեգիտիմացնելու․ Քաղաքագետ

Նիկոլը գնում է ընտրությունների, որովհետև ունի լեգիտիմության խիստ դեֆեցիտ։ Դա ընդդիմության ճնշման անմիջական արդյունքը չէ, սակայն ընդդիմության բողոքի ակցիաները ի ցույց դրեցին Նիկոլի ոչ լեգիտիմությունը։ Դա առաջացրեց օտարերկրյա ուժերի, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի մտահոգությունը, որովհետև ոչ լեգիտիմ ղեկավարի հետ ձեռնարկվող կամ շարունակվող ցանկացած գործ՝ սկսած բուհերի շենքերի վաճառքից և Ցեղասպանության պահանջի հրաժարումից մինչև անվտանգության միջոցառումներ և կոմունիկացիոն միջանցքներ, կարող են չեղարկվել հաջորդ՝ իրական իշխանության կողմից։

Այլ բան է պատերազմը՝ պատերազմի ժամանակ մտցնում ես զորքերը, գրավում տարածքներ և վերջ. լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ՝ դա արդեն էական չէ, հաղթել ես։

Երբ առաջին անգամ Նիկոլը հայտարարեց ընտրությունների մասին, ընդդիմադիրներից ոմանք տեսան այս ճանապարհով նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը, չհրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, հայտարարեցին սահմանադրական ճանապարհի մեջ մնալու իրենց մտադրության մասին, ավելին՝ որոշակի երկապառակություն երեւաց ընդդիմության մեջ։

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ սահմանադրական ճանապարհ չկա, այդ ճանապարհը փակվել է իր հարյուր թիկնապահներով ու սնայպերներով, բարձր աշխատավարձով ՊՊԾ գնդով, իր ութսունի չափ ուսապարկերով, և Սահմանադրությունը ցանկացած պահի փոփոխելու և մանիպուլացնելու ցինիզմով։ Նրան թվաց, թե լուծել է ընդդիմության հարցը, բավականաչափ լեգիտիմացել է և այլևս ընտրությունների կարիք չկա, ու հայտարարեց այդ մասին։

Բայց Հայաստանի նկատմամբ լուրջ մտադրություններ ունեցողներին դրանով Նիկոլը չկարողացավ խաբել, նրանք պնդեցին ընտրությունների պահանջը։ Եվ հիմա բոլորը լծվել են Նիկոլին ընտրություններով լեգիտիմացնելու խեղկատակության երկրորդ արարին։

Մի քանի հետևություն.

– Ընտրությունները ոչ թե ճգնաժամը հաղթահարելու համար է, այլ Նիկոլին արտաքին ուժերի առաջ լեգիտիմացնելու,

– Նիկոլի վերընտրությամբ ճգնաժամը ոչ թե հաղթահարվելու է, այլ ավելի է խորանալու, նա չի լեգիտիմանալու, արտաքին ուժերի մտահոգությունները չեն փարատվելու,

– Նիկոլին հեռացնելու միակ սահմանադրական ճանապարհը ոչ թե ընտրություններով նոր իշխանություն ձեւավորելու առաջնահերթությունն է, այլ ընտրությունների միջոցով Նիկոլին հեռացնելը, «անտինիկոլ» լայն կոալիցիայի ձեւավորումը, որից դուրս եղած բոլոր քաղաքական ուժերը կամ «Իմ քայլ» են, կամ ֆեյք «Իմ քայլ»։

 

Աղասի Ենոքյան