Երիտասարդ նախարարը ապտակեց լրագրողին ու հրաժարական տվեց, բայց պատգամավորը Քարվաճառի մասով ապտակեց 10 մլն հայի ու ներողություն չի խնդրում․Արթուր Թովմասյան

«Երիտասարդ նախարարը ապտակեց լրագրողին ու հրաժարական տվեց, բայց պատգամավորը Քարվաճառի մասով ապտակեց 10 մլն հայի ու ներողություն չի խնդրում»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Նա նկատեց, որ Շուշիի հայկականության հարցը կասկածի տակ դնողների քայլն էլ էր ապտակ։

«Եթե այդ մարդիկ Շուշիի մասին տեղեկություններ չունեն, ապա ինձ մոտ կան բազմաթիվ փաստեր, գրքեր ոչ միայն հայերի, այլև ադրբեջանցի գիտնականների կողմից վերահաստատված, որ Շուշին հայկական է։ Շուշին Արցախի առաջին մայրաքաղաքն էր, այնտեղ ապրում էր մոտ 43 հազար մարդ, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև 20-րդ դարի 20-ականները հայեր էին… Տեսեք, Շուշին ազատագրող Կոմանդոսի սիրտը չդիմացավ»,- նշեց նա։

Արցախի ԱԺ նախագահը ցավով նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության օրը մի քանի հարյուր մարդ է մնացել Ստեփանակերտում, որոնցից մեկն ինքն է եղել։

«Նոյեմբերի 9-ին մոտ 2000 թուրքեր գտնվում էին Շուշի քաղաքում և պետք է շարժվեին Ստեփանակերտի վրա, իսկ այնտեղ մի քանի հարյուր մարդ կար ընդամենը… Հիմա ես խոսեմ այն մասին, որ զենքերը գցել ու եկել են Երևան, դրա մասի՞ն խոսեմ, հա՞։ Ինչի՞ մասին խոսեմ, ընդամենը մի քանի հարյուր մարդ էինք մնացել, անհնարին էր նույնիսկ Ստեփանակերտը պահել ամսի 9-ին»,- նկատեց նա։

Արթուր Թովմասյանը նաև հայտնեց, որ իրենք չեն իմացել, որ նման հայտարարություն է ստորագրվելու, չեն էլ իմացել, թե մինչ այդ եղած հանդիպումներում ինչ առաջարկներ են հնչել։

«Հիմա ես չեմ ասում, որ Արցախում խաղաղություն է, լռություն է տիրում։ Կարող ես 100 անգամ հաղթել ու պարտվել…, հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո պետք է կարգավորվի Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը։ Եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, ապա այն հայաթափվելու է. սա լավ պիտի հասկանան ՀՀ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ժողովուրդը։ Մենք պետք է պնդենք, որ Շուշին ու Հադրութը պետք է ազատագրվեն։ Բայց Ալիևն ասում է, որ արցախցիներին պետք է շան պես քշեն Արցախից, դրա հե՞տ պետք է բարեկամություն անենք։ Անհնարին է Ադրբեջանի ենթակայության տակ Արցախի ժողովրդի և՛ անվտանգությունը, և՛ ընդհանրապես հայերի պահպանումը»,- շեշտեց նա։