Անհետ կորած զինվորի հարազատները պետական աջակցություն չեն ստանում

Շիրակի մարզի Հայկաձոր գյուղից, 2000 թ. հոկտեմբերի 17-ն ծնված Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը ծառայում էր Խոջալուի տանկային բրիգադում /ՀՀ- 2 մեխանիկ- վարորդ /:

Սեպտեմբերի 27-ից հարազատները լուր չունեն, միայն հոկտեմբերի չորսին Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացան, որ ոչնչացրել է թշնամու մի քանի տանկ:

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության համար Արցախի նախագահի հրամանագրով Հովիկը պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր, ոմանք գերության մեջ են, շատերը՝ անհետ կորած:

Արդեն վեց ամիս է՝ Հովիկ Հովհաննեսի Ասատրյանի հարազատներին անհայտ է իրենց զինվորի ճակատագիրը:

Պատասխանատուները լուռ են: Ցավին գումարվել է անտարբերությունը:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զիծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի երկրորդ հոդվածի երրորդ մասի, չորրորդ կետի համաձայն՝ հարազատներին կես տարի, յուրաքանչյուր ամսվա համար տրվում է 300 000 դրամ: Շիրակի մարզպետարանում զինվորի եղբայրներին մերժել են, չեն վճարել գումարը, պատճառաբանելով, որ նրանք շահառու չեն:

Հովիկը ծնողազուրկ է, ամուսնացած չէ, բայց չէ՞ որ ունի երկու եղբայր, և նրանք պետք է ստանան հատուցում ոչ միայն վերը նշված օրենքի, այլև պետական աջակցության և այլ ծրագրերով:

Անտարբերությունը չարիք է ծնում:

Սիրանույշ Եղիազարյան