Շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, թե այդ տարածքներն իրենցն են. Դավիթ Բաբայան

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կարմի շուկայի մասին խոսակցություններին՝ ասաց.

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ նպատակասլաց աշխատանք են տանում։ Բնական է, հիմնական նպատակն այն է, որ ոչնչացնեն ու թուլացնեն հայոց պետականությունը։ Սա պետք է միանշանակ հասկանալ։ Դրա համար կան տարբեր տեխնոլոգիաներ՝ ռազմի դաշտից բացի՝ կա նաև ներքին պառակտություն սերմանել, հասարակությանը վհատեցնել։ Եվ Կարմիր շուկայի հարցի շահարկումն այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է։ Որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել. այն հայկական է, ԱՀ Մարտունու շրջանի վարչական տարածքում է, և չի կարող որևէ հարց լինել՝ այն Ադրբեջանին տալու։ Այնպես որ, մենք ամեն ինչ անելու ենք, որ եղածը պահպանվի»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում անընդհատ խոսում են Թուրքիայի նկատմամբ եղած վերաբերմունքի վերանայման անհրաժեշտության մասին, Դավիթ Բաբայանն արձագանքեց, ասելով, որ կոմունիկացիաների բացումը պետք է զուտ տնտեսական հարթությունում լինի։

«Բայց Թուրքիան եղել է և կմնա հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը։ Սա իրենք են հայտարարել, սա պաշտոնական Անկարայի գործողություններն են ցույց տվել։ 44-օրյա պատերազմում Թուրքիան իր դեմքը կրկին ցույց տվեց, և մենք պետք է իրատեսական քաղաքականություն վարենք։ Լավ է, որ ուզում ենք տարբեր երկրների հետ հարաբերությունները լավացնել, բայց պետք է մտածենք՝ իրենք ուզո՞ւմ են դա, կամ ինչի՞ դիմաց են ուզում»,- նկատեց ԱՀ ԱԳ նախարարը։

Նա ևս մեկ անգամ պնդեց, որ պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները բռնազավթվել են, օկուպացվել։

«Երբ Ադրբեջանն ասում է, թե այդ տարածքներն իրենն են, մի բան է, շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, թե իրենցն է, օրինակ՝ Քարվաճառը։ Նույնը վերաբերում է Շուշիին, ցանկացած գյուղի։ Մարդիկ պետք է հողի գինը հասկանան, այն թաթախված է մեր թափած արյունով։ Ի՞նչ է նշանակում՝ Քարվաճառը մերը չէ, Քարվաճառը Դադիվանքն է։ Այնտեղից են սկիզբ առնում մեր գետերը։ Ադրբեջանը կարող է չէ՞ այդ հայտարարությունները ներկայացնել ու ասել՝ տեսեք՝ իրենք էլ են ասում։ Կարծում եմ՝ մարդիկ, որոնք չեն հասկանում քաղաքականությունից և պատմությունից, պետք է լռեն, ու գոնե այդ ձևով զսպեն անցանկալի հայտարարությունները»,- շեշտեց նա։