ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի և Արցախյան ազատամարտի հետ

31 տարի առաջ ապրիլի 2-ին հիմնադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի և Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության Բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման և ձեւավորման համար:

Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական և քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում և ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները:

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում