Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման որոշումը վիճարկվում է Վարչական դատարանում (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում, պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնել։

Նա ներկայացնելով միջնորդության հիմնավորումները նշեց, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորություն։ Վերջինս նշեց, որ թեև չեն բացառում աշխատանքային իրավունքների վերականգնումը, սահմանադիական այդ կարգավորումները չեն ենթադրում պաշտոնում վերականգնում։ Ըստ պատասխանողի՝ չեն կարող արձանագրել դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն, ինչը հայցի ապահովման հիմքն է։ Բացի դրանից՝ փաստաբանն անդրադարձավ նաև ճանաչման հայցին՝ նշելով, որ եթե այդ հայցը վարույթ չընդունվեր, ապա նաև այդ շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը չէր քննարկվի։

Փաստաբանի խոսքով՝ հայցի ապահովման կիրառմամբ խախտվել է հանրային և անձնական շահերի հավասարակշռությունը, որի արդյունքում հանրային շահը ստորադասվել է անձնական շահին։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձանագրեց, որ հայցի ապահովման վերացման միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք, նոր փաստ, նոր տեղեկություն, որը դատարանին հայտնի չի եղել, չի դրվում։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը հարցեր ուղղելով պատասխանողին՝ հետաքրքրվեց՝ միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք դրված չէ, դրված է միայն, ըստ պատասխանողի, դատարանի կողմից դատական սխալը, որը փաստաբանը խնդրում է ուղղել, ինչին ի պատասխան փաստաբանը դրական արձագանքեց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում