Ապրիլյան քառօրյայի 5-րդ տարելիցն է. բարձրաստիճան զինվորականներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ)

Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է. բարձրաստիճան զինվորականներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում ընկած տղաների հիշատակին։

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը խոշոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Ապրիլի 5-ին Մոսկվայում ՌԴ ԳՇ պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի բանակների ԳՇ պետերը կրակի դադարեցման բանավոր համաձայնություն են ձեռք բերում:

Ապրիլին մարտական գործողությունների հետևանքով հայկական զինված ուժերից զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: