Հայաստանում COVID-19-ի դաժան վիճակագրությունը. պաշտոնապես արդեն 3533, իսկ իրականում ավելի քան 3533 զոհ

Իշխանության հանցավոր անգործության և հանցավոր քաղաքականության հետևանքները

 

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի վրա գտնվող պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկն օրերս կորցրել է իր 25-ամյա որդուն, COVID-19-ից փրկել չի հաջողվել: Թեև մայրը հենց ինքը բժշկուհի է, և հասկանալի է, որ ժամանակին ու հնարավոր ամեն ջանք գործադրել է որդուն փրկելու համար, բայց բժիշկներն ու բժշկությունը, ցավոք, միշտ չէ զորու են նշված հիվանդության դեմ ու կարող են փրկել COVID-19-ով հիվանդներին:

Սա է դաժան իրականությունը, բայց ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունքը շարունակվում է, ընդ որում, նաև իշխանությունների կողմից: Վարակի հետագա տարածումը գործնականում չկանխարգելելու և հիվանդության դեմ անբավարար պայքարի առումով նրանց անգործությունը, վարած քաղաքականությունը սոսկ «ծայրահեղ անպատասխանատու» որակելը, անշուշտ, չափազանց մեղմ կլինի, քանի որ խոսքը նաև հանցագործության մասին է, որի համար իրենց այսօրվա իշխանությունը կորցնելուց հետո ստիպված են լինելու պատասխան տալ:

Պաշտոնական տեղեկատվության  համաձայն, Հայաստանում ս. թ. ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուրը 193 736 դեպք: Հիվանդներից 173 681-ն առողջացել է, 3533-ը` մահացել, այս պահին բուժում է ստանում COVID-19-ով հիվանդ 15 622 պացիենտ: Մարտի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք, միայն երեկ 18 հոգի մահացել է COVID-19-ի հետևանքով:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, նախօրեին բացի վերոնշյալ 18-ից, «արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ «Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է»:

Որոշ անտեղյակ և անպատասխանատու անձինք այս թվերն ուռճացված են համարում, նույնիսկ` ծայրահեղ ուռճացված, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ հիվանդ են եղել COVID-19-ով, սակայն տանն են բուժվել` իրենց բժշկի հետ խորհրդակցելով կամ առանց դրա, շատ ուրիշներ էլ թեև գնացել են պոլիկլինիկա, սակայն նրանց չեն թեստավորել:

COVID-19-ից նույնիսկ մահվան դեպքեր կան` պաշտոնական վիճակագրությունից դուրս մնացած սոսկ այն պատճառով, որ այդ մարդիկ մինչև մահը չեն թեստավորվել կամ չեն հասցրել թեստավորվել, և այդ կերպ չի հաստատվել կորոնավիրուսային հիվանդության առկայությունը, թեև հիվանդի մոտ եղած ախտանիշները լիովին համապատասխանել են կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներին:

Բացի վերը նշվածից, պաշտոնական այն տեղեկությունը, որ 900 դեպքում «պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», առնվազն խիստ վիճահարույց է: Ունենք լուրջ հիմքեր կասկածելու, որ այդ 900 հոգին կամ թեկուզ նրանց մի մասը նույնպես COVID-19-ի պատճառով է մահացել, բայց որպեսզի շատ փոքրաքանակ Հայաստանի համար մահվան առանց այն էլ շատ բարձր ցուցանիշներն ավելի մեծ չստացվեն և առավել ցայտուն չերևակեն իշխանությունների հանցագործությունը, այդ 900 հոգու մահը ներկայացվում է այլ հիվանդության պատճառով:

Թեև վերոնշյալ 900 հոգին ունեցել են նաև այլ հիվանդություն, բայց ո՞վ կարող է ապացուցել, որ եթե նրանք COVID-19-ով չհիվանդանային, ավելի երկար չէին ապրի: Ո՞վ կարող է ապացուցել, որ նրանց մահը վրա է հասել ոչ թե COVID-19-ի, այլ ունեցած այլ հիվանդության պատճառով…

Մարդիկ ուղղակիորեն չեն մահանում կորոնավիրուսից կամ որևէ այլ վիրուսից, ուղղակիորեն չեն մահանում նաև այս կամ այն հիվանդությունից, մահանում են դրանց հետևանքով կենսականորեն կարևոր օրգանների ախտահարման, դրանց գործառույթների էական խաթարման կամ դադարի հետևանքով: Հիմա եթե այդ մարդիկ մահացել են, օրինակ, սրտային, թոքային կամ երիկամային անբավարարության հետևանքով, ո՞վ կարող է ապացուցել, որ այդ անբավարարությունը եղել է ոչ թե COVID-19-ի, այլ ուրիշ հիվանդության պատճառով…

 

Արթուր Հովհաննիսյան