Եթե խնդիրը ռեկտորի ընտրությունն է, թող Հոգաբարձուների խորհրդի անդամները գան, ազնվորեն ասեն՝ հարցն օրակարգից հանենք․ ԵՊՀ ՀԽ քարտուղար

Եթե խնդիրը ռեկտորի ընտրության հարցն է, թող Հոգաբարձուների խորհրդի անդամները գան, ազնվորեն ասեն՝ այս հարցն օրակարգից հանենք։ Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը։
Նա նշեց, որ նիստին ներկայացել էր խորհրդի 14 անդամ։ «Ընդամենը 2 հոգի է նախապես ասել, որ չի ներկայանալու նիստին։ Մյուսները չներկայանալու մասին սկսել են գրել, հայտնել երեկ երեկոյան և այսօր առավոտյան։ Պատճառաբանություններ են ներկայացնում, թե հարմար չէ, անսպասելի խնդիրներ են առաջացել և այլն»,- ասաց Մալխասյանը՝ նշելով, որ նիստին չներկայանալով՝ առկա հարցերը չեն լուծվելու։

«Ստացվում է՝ պետք է ամիսներով անգործության մատնվենք, Հոգաբարձուների խորհուրդն այնքան ժամանակ չգործի, որ խորհուրդը լուծարվի, ու նոր խորհուրդ հրավիրվի, ինչը կարող է ամիսներ տևել։ Պետք է առաջնորդվել ԵՊՀ շահերով, չնայել այս կամ այն խմբային շահերի տեսանկյունից»,-ասաց Հոգաբարձուների խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին տեղի չունեցած նիստի օրակարգային հարցերը, որոնցից էր ռեկտորի ընտրությունը, աշխատակարգի համաձայն՝ պետք է ընդհանուր կարգով գումարվող նիստի ժամանակ լինեին օրակարգում։