Արկադի Տեր-Թադևոսյանն իր դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման գործում. ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միությունը ցավակցական խոսք է հղել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:

«ԵԿՄ վարչությունը խոր ցավով տեղեկացավ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան լուրին:

Տեր-Թադևոսյանը 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին: Ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում: Անուրանալի է Արկադի Տեր-Թադևոսյանի գործը Արցախյան ազատամարտի հաղթանակների կերտման ճանապարհին՝ Շուշիի ազատագրման պայքարում:

Անգնահատելի է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադևոսյանն իր դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման գործում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաև փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասում էր, որ մեզ ուժեղ ոգով մարդիկ ու հայրենասերներ են պետք: Եվ մենք վստահաբար ասում ենք, որ հայրենասիրության վառ կերպարներից էր նաև հենց ինքը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:

Ազգերի հիշողության մեջ հաղթանակներն անջնջելի հետք են թողնում և Կոմանդոսն այդ հաղթանակը կերտողներից մեկն էր:

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, մարտական ընկերներին, նրան ճանաչողներին:

Մեր խոնարհումն ու փառաբանումը Ձեզ, հարգարժա´ն գեներալ,

Հավերժ փա´ռք Քեզ Կոմանդոս»: