Մենք Կարմիր Շուկայում սկսկել ենք 150 տուն կառուցել, իսկ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ ուզում ենք Կարմիր Շուկան հանձնենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:
Հանդիպումների ընթացքում նախագահը նաև պատասխանել է բնակչությանը հուզող հարցերին:

Անդրադառնալով Կարմիր Շուկա համայնքի վերաբերյալ հայտնած մտահոգություններին՝ նա մասնավորապես ասել է.

«Մեր երկրի ներքին թշնամին խաթարում է մեր անդորրը՝ չհասկանալով, որ պրովոկացիոն նյութ տարածելով, բազմացնելով հերթական վիրավորանքն են հասցնում, հոգեբանական ճնշումն են բանեցնում մեզ վրա։ Գլխավոր թեմաներից մեկը Կարմիր Շուկան է։ Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղարել մեզ՝ իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ գործարքներ իրականացնել ինչ-որ նպատակներով։
Նախ ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ ավելի քան 15 օր Կարմիր շուկան վտանգված էր, երբ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր մեզնից խլել, զավթել Կարմիր Շուկան։

Մենք Կարմիր Շուկայում սկսկել ենք 150 տուն կառուցել, իսկ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ ուզում ենք Կարմիր Շուկան հանձնենք։

Կարմիր Շուկայի թեման փակված է, ժողովուրդ»։