Շուշիի վերաազատագրումն իրատեսական է. «Քաղաքացիական խորհուրդ»

Այսօր տեղի ունեցավ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հիմնադրած «Քաղաքացիական խորհրդի» մամուլի ասուլիսը, որտեղ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արկադի Տեր–Թադևոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում հանրությանը համախմբման կոչ է արել:

Նա նշեց, որ «Քաղաքացիական խորհուրդը» կարողացավ ձևավորվել: «Մենք հավատացած ենք, որ Շուշիի վերաազատագրումը լրիվ իրատեսական է: Կա ոչ միայն ռազմական ազատագրում, այլև այլ տարբերակներ, բայց դրա համար համախմբվածություն է պետք, պետք է միավորվենք, մասնատվածությունը պետք է հաղթահարենք»,-ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Քաղաքացիական խորհուրդը» կայացել է, գործում է 12 հանձնախումբ: «Քաղաքացիական խորհրդի» քաղաքական գործունեության ընտրություններին մասնակցելու մասին նա ասաց. «Նպատակ դնել ընտրություններին մասնակցել՝ շատ էժան արժեք կարող է դիտվել, մեր նպատակը վաղվա Հայաստանն է, ազգային պետության ձևավորումը, բայց խուսափել ընտրություններից՝ ոչ մեկին պետք չէ: «Քաղաքացիական խորհուրդը» բնականաբար ունի իր դիրքորոշումը, մեր մասնակցությունը կլինի այս ընտրություններին ևս, բայց դա նվազագույն քայլերի մեջ է դիտվում»:

Թաթուլ Մանասարյանը հայտնեց, որ իրենց կարգախոսն է՝ «Համախմբված հայություն, հզոր Հայաստան»:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Արկադի Տեր–Թադևոսյանի գաղափարներն իրականանալի են: Նա նշեց, որ Կոմանդոսը մեր մեջ կմնա հոգով կենդանի և մեզ հետ կմնան իր բոլոր արածները: «Մեր սուրբ պարտականությունն է շարունակել իր գաղափարները, ես համոզված եմ, որ դրանք իրականանալի են»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ միշտ իր առաջարկն է եղել, որպեսզի տարբեր խմբեր ունենան կլոր սեղան, և բոլոր այն ներկայացուցիչները, որոնք մեկ-երկու գաղափարի շուրջ ունեն հստակ մոտեցումներ, իրար հարստացնեն և ուժեղացնեն և ոչ թե թուլացնեն: «Ես համոզված եմ, որ հայությունը դեռ ցույց չի տվել իր իրական ներուժը, մենք ունենք այդ առաքելությունը և մերն է այն պայծառ ապագան, որը պետք է կառուցենք միասին»,-ասաց նա: