Մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ. Թագուհի Թովմասյան

«Մամուլում տեղեկություններ կան, որ ԿԸՀ նախագահը նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել արդարադատության նախարարություն։ Ի՞նչ տեղեկություններ կան այդ առումով»,- ԱԺ արտահերթ նիստում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ Թովմասյանի հարցը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախագծի մեծ փաթեթին։

«Այդ 30 առարկությունները վերաբերում են այն մեծ նախագծին, որն այսօր մենք չեն քննարկում»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը նկատեց, որ նորից ստացվում է այն վիճակը, որ մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ:

«Եթե չենք լսելու այդ մասնագիտական հանձնաժողովի կարծիքը, ինչո՞ւ ենք ընդհանրապես ուղարկում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։