Կադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Այս մասին հայտարարել է Նոբելյան տեղեկատվության միջազգային կենտրոնի նախագահ Վյաչեսլավ Տյատյունիկը, գրում է kommersant.ruն:

Նրա խոսքով՝ Կադիրովի առաջադրչման վերաբերյալ հայտը Նոբելյան կոմիտե կարող են ուղարկած լինել Նորվեգիայի ներկայացուցիչները: Անձնանց կամ կազմակերպությունների հստակ անուններ չեն դեռևս շրջանառվում:

Նշվում է՝ Ռամզան Կադիրովն առաջադրվել է մրցանակի «վերջին 15 տարվա ընթացքում պատմականորեն դժվար Չեչնիայի տարածաշրջանում հուսալի խաղաղություն հաստատելու և այն պահպանելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և սևամորթների իրավունքների պաշտպանության Black Lives Matter  շարժումը:

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն, թեկնածուներին կարող են առաջադրել տարբեր երկրների խորհրդարաններ և կառավարություններ, միջազգային դատարանների անդամներ, համալսարանների ռեկտորներ, հասարակական գիտությունների, պատմության, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության պրոֆեսորներ, խաղաղության գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի անդամներ և խորհրդականներ: