Պոզների այցը Թբիլիսի բողոքի ալիք է բարձրացրել. լրագրողն ստիպված լքել է երկիրը

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հեռացել է Վրաստանից, որտեղ բողոքի ցույցեր են անցկացվել նրա այցի պատճառով:

Պոզները Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար:

Ցուցարարները պնդում էին, որ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, նրա ներկայությունն անընդունելի է: Նրանք շրջապատել էին հյուրանոցի շենքը, որտեղ ի սկզբանե գտնվում էին Պոզներն ու նրա ընկերները, ավելի ուշ հյուրերին տեղափոխել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Romms» հյուրանոց: Բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր են նետել շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ Պոզները և իր ընկերները լքեն երկիրը:

Լրագրողն ինքը չորեքշաբթի երեկոյան «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ ժամանել էր Թբիլիսի՝ նշելու իր ծննդյան օրը, և պատրաստվում էր վերադառնալ ապրիլի 3-ին: «Ես արդեն երրորդ տարին է, ինչ ծննդյանս օրը նշում եմ Թբիլիսիում։ Ես այստեղ եմ ոչ թե քաղաքականությունից խոսելու, այլ ծննդյանս օրը նշելու համար»,- ավելի վաղ օդանավակայանում իրեն դիմավորած լրագրողների հարցին պատասխանել էր Պոզները։

Նշվում է, որ Պոզները և նրա հյուրերը հեռացել են Վրաստանից: Ինքնաթիռը թռել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից: Օդանավակայանում մոբիլիզացվել էին իրավապահ մարմինների աշխատակիցները:

Հյուրանոցը, որտեղ գտնվել էին Պոզներն ու նրա հյուրերը, Վրաստանի աշխատանքի տեսչությունը տուգանել է 10 000 լարիով՝ նշելով, որ հյուրանոցը, Պոզներին և նրա հյուրերին ընթրիք մատուցելով, խախտել է Վրաստանում երեկոյան 9-ից գործող «պարետային ժամը»: