Ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև՝ հետևանքներ. Գոռ Գևորգյան

«Որ ասում եք, թե ընտրություններ անցկացնելը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակն է, դա դասագրքային ճշմարտություն է, բայց հարցս հետևյալն է. դուք՝ որպես ընտրությունների օրակարգն առաջ բերած ուժի ներկայացուցիչ, ունե՞ք որևէ համոզմունք, որ գալիք ընտրությունները թույլ կտան, որ մեր ժողովուրդը հաղթահարի ճգնաժամը»,-ԱԺ արտահերթ նիստում անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը դիմեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ միանշանակ ունի այդ համոզմունքը։

«Կա ևս մեկ դասագրքային ճշմարտություն,-շարունակեց Գոռ Գևորգյանը,- որ ընտրությունների գնում են հասարակության համախմբվածության շրջանակներում՝ մարտահրավերների մասին համընդհանուր պատկերացում ունենալու պարագայում։ Հասարակության մեջ առկա խորը անջրպետը, ատելության մթնոլորտը, պարբերաբար հորդացող լուտանքը հազիվ թե հնարավորություն տա մեզ բոլորիս համոզվել առ այն, որ ընտրությունները կարող են այդ բոլոր հարցերի լուծումը տալ։ Հիշեցնեմ, որ ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև՝ հետևանքներ»,- նկատեց նա։

Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ բարեբախտություն է, որ երկրում տիրող իրավիճակը Գոռ Գևորգյանի տպավորություններին համահունչ չէ։

«Դուք իրավունք ունեք Ձեր կարծիքն ունենալու, բայց բարեբախտություն է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք նկարագրում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։