Անգլիան «վիրավորվել է» Ռուսաստանից ու ՌԴ օդատիեզերական ուժերից…

Ինչպես հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, երկու օր անընդմեջ` մարտի 29-ին և 30-ին, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հեռահար ավիացիայի Տու-160 ռազմավարական հրթիռակիրները թռիչքներ են իրականացրել Բարենցի և Նորվեգիայի ծովերի չեզոք ջրերի օդային տարածքում: ՌԴ ՊՆ-ը հաղորդել է, որ ինքնաթիռները կատարել են իրենց նախանշված խնդիրը. «Հեռահար ավիացիայի Տու-160 երկու ռազմավարական հրթիռակիրներ պլանային թռիչք են կատարել Բարենցի և Նորվեգիայի ծովերի չեզոք ջրերի օդային տարածքով: Կործանիչային ուղեկցությունն ապահովել են Ռուսաստանի ՌԾՈՒ ռազմածովային ավիացիայի ՄիԳ -31 ինքնաթիռի անձնակազմերը»: Նշվում է, որ թռիչքների տևողությունը 8 ժամից ավելի էր: Հերթական անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են խիստ համապատասխան օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հեռահար ավիացիայի անձնակազմերը պարբերաբար թռչում են Արկտիկայի, Հյուսիսատլանտյան, Սև և Բալթյան ծովերի և Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերի վրայով:

Իսկ մարտի 28-ին երկու հեռահար հակասուզանավային Տու-142 ինքնաթիռներ պլանային թռիչք են կատարել Հյուսիսային ծովի ջրային տարածքի և Հյուսիսարևելյան Ատլանտիկայի՝ Բարենցի, Նորվեգիայի և Հյուսիսային ծովերի չեզոք ջրերի վրայով: Եվ, ի դեպ, Նորվեգիայի ծովի ջրային տարածքի վրայով թռչելու ընթացքում, ուղեկցելու համար երկու անգամ երկինքն են բարձրացել նորվեգական F-16 կործանիչներ, իսկ Հյուսիսային ծովի երկնքում՝ բրիտանական «Typhoon» երկու կործանիչներ։ Ռուսաստանի ռազմական հեռահար ավիացիայի գործունեությունը, շատ հնարավոր է՝ իրենից ոչ մի արտառոց բան չի ներկայացնում, պարզապես Ռուսաստանը համարժեք է արձագանքում պլանային ուսումնական թռիչքներով Բալթիկ և Սև ծովերում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի ակտիվացմանը: Սակայն… պարզվում է, որ անգլիացիները շատ են «վիրավորվել» ու իրենց համարում էին «խորապես անպատված»: Օրինակ, բրիտանական լրատվամիջոցները բռնկվել են ռուսական հրթիռակիրների մասին զայրացած հրապարակումներում: Այսպիսով, «Daily Express» տաբլոիդը հայտարարել է, որ Տու-160 ռմբակոծիչները, ՄիԳ-31-ի ուղեկցությամբ, վտանգավոր թռիչքներ են կատարում Միացյալ Թագավորության օդային տարածքին մոտ: Ինչպես ընդգծել է թերթը, «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Մեծ Բրիտանիայի համբերությունը», «նա շարունակում է ստուգել Բրիտանիայի ռազմական հնարավորությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»: «Ռուսական սադրանքը՝ վերջին փորձարկումների շարքն է, որին Մոսկվան ենթարկում է բրիտանական օդուժը»,- վրդովել են Լոնդոնը: Որպեսզի բրիտանացիներն ամենևին չհուսահատվեն «Ռուսաստանի ուխտադրժությունից», տաբլոիդը նրանց հանգստացրել է. ««Typhoon» էլիտար կործանիչները օդ են բարձրացել Լոսսիմուտի Թագավորական ՌՕՈՒ ավիաբազայից՝ Վ․ Պուտինի ինքնաթիռները ուղեկցելու  նպատակով, նրանց միացել է նաև «Voyager» օդային լցարկիչը, որը թույլ է տալիս բրիտանական ինքնաթիռներին հետևել ռուսական ռմբակոծիչներին այնքան, որքան անհրաժեշտ է»:

Ռուսաստանին ընդգծված անվանում են «թշնամական պետություն», որին վերագրվում է «բրիտանական A-400M տրանսպորտային ինքնաթիռների վրա գտնվող արբանյակային հաղորդակցության համակարգերի ազդանշանները խցանելու կանոնավոր փորձերը, երբ նրանք օդ էին բարձրանում «Ակրոտիրի» ավիաբազայից (սա՝ հենց Կիպրոսի թուրքերի կողմից զավթած հատվածում է): Ինչպես միշտ, ոչ մի ապացույց չի ներկայացվում, սակայն նշվում է, որ «այս էլեկտրոնային հարձակումներից ոչ մեկը չի աշխատել, բայց հաջող լինելու դեպքում կարող էին զոհեր լինել»: «Պաշտպանության ոլորտի փորձագետները կարծում են, որ միայն երկու թշնամական պետություններ, հաշվի առնելով հեռավորությունը, կարող են փորձել խեղդել ազդակները. դա Ռուսաստանն ու Սիրիան են»,- եզրակացնում է բրիտանական թերթը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Ռուսաստանը հիշատակվում է որպես Անգլիայի ազգային անվտանգության «ամենալուրջ սպառնալիք»՝ մարտի 16-ին հրապարակված անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համապարփակ տեսության մեջ, որտեղ նախանշվում են «զսպման հայեցակարգը» թարմացնելու Լոնդոնի ծրագրերը՝ թշնամական պետությունների կողմից աճող սպառնալիքների պայմաններում…

Անգլիայում հակառուսական հիստերիայի հերթական ալիքի հետ կապված՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «բրիտանական իշխանությունների կողմից դոկտրինային մակարդակում թշնամու դերի անհիմն համախմբումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել Մոսկվայում»: Մենք էլ չենք բարոյականացնի, և բրիտանացիներին հռետորական հարցեր չենք ուղղի, օրինակ նման տիպի. «Իսկ՝ մի՞թե «կարելի է», որպեսզի ՆԱՏՕ-ն թռչի կամ լողա Ռուսաստանի սահմաններին մոտ»: Արևմտյան հանցագործներին ու տականքներին, ովքեր ոչնչացրել են Հարավսլավիան և ցեղասպանության ենթարկել (այդ երկիրը հյուծված ուրանի զինամթերքով ռմբակոծելու տեսքով…) սերբ ազգին, ըստ երևույթին, միայն Աստված է կարող դատաստան անել: Անգամ չենք հիշեցնում 1973 թվականը, երբ բրիտանացիները Միացյալ Նահանգների հետ միասին օգնել են Թուրքիային և թույլ տվել թուրքերին գրավել Հյուսիսային Կիպրոսը՝ միևնույն ժամանակ կանխելով Հունաստանի՝ Կիպրոսի հույներին օգնության հասնելու փորձերը…

Սերգեյ Շաքարյանց