Եթե Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ինչո՞ւ են տարել այնտեղ. Թագուհի Թովմասյան

«Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել Հադրութ և խաբել-ասել, թե տանում ենք ապահով վայր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով, զինվորներին տարել են մի վայր, որտեղից ԱԹՍ-ն խոցել է, բայց կարող էին պաշտպանված վայր տանել. տարրական ռազմագիտության տիրապետող մարդը հասկանում է՝ եթե անընդհատ օդից եկող վտանգ կա, ապա պետք է առնվազն 7-8 մետր իրարից հեռու կանգնեցնել զինվորներին, որ թիրախավորելը անհնար լինի, քանի որ մի հոգու համար ԱԹՍ չեն ուղարկում։

Պատգամավորը նշեց, որ ծնողները օբյեկտիվ դժգոհություն ունեն, թե ինչո՞ւ են իրենց զինվորներին Մարտունի 2-ից տարել Հադրութ։

Թագուհի Թովմասյանը նկատեց՝ այն անկազմակերպվածությունը, որը դրսևորվել է պատերազմի օրերին՝ երբ այդպես էլ չհասկացվեց՝ ինչու տարերային հավաք եղավ, ինչու կանգնեց այդ հավաքը, ինչու այն մարդկանց տարան առաջնագիծ, որոնք իրենց կյանքում զենք չէին տեսել, հիմա էլ շարունակվում է։

«Այս տարերայնությունը հիմա շարունակվում է հետպատերազական վիճակում»- կարծիք հայտնեց Թագուհի Թովմասյանը։