ԱԳ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին  հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Մտքեր են  փոխանակվել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:

ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:

Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ նախարար Այվազյանը խստագույնս դատապարտել է  Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը: Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը: