ԱՆ նախարարի մայրը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիների վրա «սաղացնում են» «Աստրազենեկան». iravunk.com

Iravunk.com-ը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ և «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ ի տարբերություն առողջապահության նապարարի մայրիկի, ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին՝ եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաև եղել են դեպքեր, որ տրոմբ է առաջացրել և այլ խնդիրներ: Օրինակ, Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդհանրապես արգելել է իր երկրում այդ պատվաստանյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար։

Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրենի առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի և անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հայաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ V»-ն: Դեռևս նախորդ տարի նոյեմբերին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին, որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության  դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առաջինը պատվաստվել էր առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի  գլխավորությամբ: Եվ ուրեմն՝ բոլոր պաշտոնյաները պատվաստվում են «Սպուտնիկ V»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետև հավանաբար այն ավելի էժան է կամ, պարզապես, վերևներում ատում են սեփական ժողովրդին»: