Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը:

Մարտի 30-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն»,-գրել է Ջանոյանը:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ անհայտ անձինք վնասել են Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանը: ՀՀ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախապատրաստվում են նյութեր: