Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին․ կոչ

«Վետօ» նախաձեռնությունը կոչով դիմել է բոլոր հայ կանանց և մայրերին․ «Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք:

Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թիվը:

Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերն՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք:

Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին:

Ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է կապիտուլյանտ իշխանության դավաճանության և հանցավոր անգործության: Սա բավարար չէ՝ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին՝ անամոթաբար շահարկելով հայ մայրերի վիշտն ու ցավը:

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ, շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը, որը կվերածվի տղամարդկանց անիմաստ շնորհավորական ուղերձների ու կենացների մարաթոնի, ինչն այս իրավիճակում ավելի շատ ծաղրի է նման: Իրական տղամարդկությունը կենացներով ու ծաղիկներով չի դրսևորվում. դա կենսակերպ է, վարքականոն:

Հաշվի առնելով, որ այս իրավիճակում բացակայում է տոնական տրամադրությունը՝ որոշել ենք հայ կանանց և մայրերի անունից հանդես գալ նախաձեռնությամբ:

Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին:

Կոչ ենք անում բոլոր հայ կանանց, ում համար կարևոր են նշված խնդիրների շուտափույթ լուծումը և, ի վերջո, մեր հայրենիքը, պետականությունը, ազգային արժանապատվության վերականգնումը, ապրիլի 7-ին միանալ մեզ»: