Ավստրալիան հայտարարել է նոր հակառուսական պատժամիջոցների մասին Ղրիմի կամրջի պատճառով

Ավստրալիան հայտարարել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի շինարարության և շահագործման հետ կապված Ռուսաստանից մեկ ֆիզիկական անձի և չորս ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ավստրալիան նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելք է սահմանել Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի կառուցման և շահագործման հետ կապված մեկ ֆիզիկական անձի և չորս ռուսական ընկերությունների դեմ»,- ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնի հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ Փեյնը Ղրիմի կամրջի կառուցումը անվանում է «բռնակցված Ղրիմի թերակղզու նկատմամբ Ռուսաստանի ապօրինի վերահսկողության ուժեղացման փորձ»: Նախարարը նաև մեղադրում է Ռուսաստանին և այդ ընկերություններին, որոնք հայտնվել են սահմանափակումների մեջ, իբր մտադիր են «լեգիտիմացնել» թերակղզու հետ կապված Մոսկվայի գործողությունները:

Նշվում է, որ պատժամիջոցները մտցվել են Կանադայի հետ համաձայնեցման արդյունքում, որը նախապես հայտարարել էր սահմանափակումների ներդրման մասին:

Ղրիմը Ռուսաստանին վերամիավորվելուց ի վեր Կանբերան պատժամիջոցներ է սահմանել առնվազն 168 ֆիզիկական անձանց և 52 ընկերությունների դեմ, ասվում է Ավստրալիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ թերակղզու բնակիչները 2014 թվականին, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: