Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաև նպաստում են կորոնավիրուսի թվի աճին:

Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարևելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վերջինս հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ վարչապետն արդեն խախտել է այն:

Մասնավորապես, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է: Այս դրվագում պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակիցներից վեր լինելու համար, և պարզ է, որ ընդդիմադիրները չէին կարող նման բան առաջարկել, քանի որ չունեն կառավարող լծակներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում