Ներկայացնում եմ ՍԴ որոշման առանցքային դիրքորոշումները․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ,

Ստորև ներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշման մասնագիտական առումով չափազանց կարևոր և իրավունքի պաշտպանության համար առանցքային դիրքորոշումներ` առանց իմ կողմից մեկնաբանության։ Խնդրում եմ սա հատկապես փոխանցել որոշ պատգամավոր-փաստաբանների կամ անհայտ ծագման կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ԱՆՀԱՄԲԵՐ սպասում էին որոշման տեքստին․

«6.7. Այլ կերպ՝ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի դիսպոզիցիայի ձևակերպումն օրենսդրի կողմից իրականացվել է, ի թիվս այլնի, տարբեր եզրույթների անհամատեղելի համակցմամբ:
Այսպիսով՝ վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է ԱՅՆՔԱՆ ԱՆՈՐՈՇ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով»:

«6.6. Տվյալ պարագայում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից՝ տևական
ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ»:

«6.8. Բացի դրանից, օրենսդրական այդ կարգավորումների մեկնաբանման միջոցով ՉՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՇՓՈԹ Է ստեղծվել նորմի իրավաբանական ուժի, իրավական համակարգում դրա
գոյության և փաստացի ներգործության տեսանկյունից` նորմի փաստացի վերացումը դիտարկելով որպես նրա իրավական գործողության դադարեցման արտահայտման ձև։»:

Եզրափակիչ մաս՝

«Ելնելով գործի քննության արդյունքներից…Սահմանադրական դատարանը` Ո Ր Ո Շ Ե Ց.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ»: