Ես հույս ունեմ, որ Թուրքիայում այդ գիտակցումը վաղ թե ուշ կգա. Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Զեկույցի ներկայացումից հետո  հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին Արա Այվազյանին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձավ վերջին շրջանում իշխանությունների կողմից արվող հայտարարություևններին, որոնց համաձայն՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն։

«Ճիշտն ասած անհասկանալի է՝ ինչի մասին է խոսքը։ Եվ երկրորդ, Թուրքիայի հետ ինչ-որ հարցերի շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են»,- դիմելով ԱԳ նախարարին, հարցրեց Արման Աբովյանը։

Արա Այվազյանը նշեց, որ հետևել է այդ հայտարարություններին, ապա հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ  Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից։

«Հայ ժողովուրդը, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը։ Եվ մենք չենք փնտրում թշնամիներ։ Անկախացման առաջին իսկ օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորման ուղղությամբ, և վերջինը ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից»,- ասաց նա։

Նախարարը նկատեց՝ իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի նախաձեռնությունը չի փոխադարձվել պաշտոնական Անկարայի կողմից։

«Ավելին, անցած դարի աղետը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք՝ ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունն ու հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն։ Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի ագրեսիվ գործողությունները»,- նշեց ԱԳ նախարարը։

Արձագանքելով՝ Արման Աբովյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան ոչինչ էլ չի վերանայի, քանի որ հակահայկական թեզը միշտ իր համար անկյունաքարային է եղել։

«Այնուամենայնիվ, կխնդրեմ պատասխանել՝ հիմա Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ գործընթաց գնո՞ւմ է»,- ասաց նա։

Ի պատասխան՝ Արա Այվազյանը նշեց, որ պատմության մեջ շատ են եղել դեպքեր, որ ծանր, ողբերգական պատմություն ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։

«Ես հույս ունեմ, որ Թուրքիայում այդ գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը։ Իսկ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»,- եզրափակեց խոսքը Արա Այվազյանը։