Արտն իմն է, բակլան խաշած եմ ցանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը: Ինչպես հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին: ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սա նշանակում է, որ երեք տարի շարունակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անօրինական գործ է հարուցվել և նրան մեկ տարուց ավելի անազատության մեջ են պահում։ Սերժ Սրապիոնյանն անդրադարձավ ՍԴ դատարանի միաձայն կայացրած որոշմանը և մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի դեմ երեք տարի ձգվող հետապնդումներին։

Խոսեցինք նաև այս իշխանությունների սկսած ադրբեջանական ու թուրքական սիրախաղի մասին, որի դրսևորումներից մեկն էլ, ըստ գրականագետի, հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության լուրերի էջում ադրբեջաներեն բաժնի ստեղծումն է։ Ինչո՞ւ հենց հիմա այդ բաժինը ստեղծվեց, արդյո՞ք իսկապես այդպես նպատակ կա ադրբեջանցի հասարակությանն անաչառ լրատվություն ստանալու հնարավորություն ընձեռել։

Ազգային ժողովն օրերս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Նույնը կատարվեց նաև դպրոցների դեպքում․կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմում 2 հոգի ընդգրկվելու է ծնողկոմիտեից, 2 հոգի՝ մանկավարժական խորհրդից, 4՝ քաղաքապետարանից և 1 ԿԳՄՍ-ից: Սերժ Սրապիոնյանի դիտարկմամբ՝ այս նախագծերով ու որոշումներով իշխանությունները կառավարելու են բուհերն ու դպրոցները՝ դրանք վերջնականապես քայքայելու, կործանելու միտումով։

Մանրամասները՝ տեսանյութում