2020-ի պատերազմը վատագույնն էր Պարգև արքեպիսկոպոսի համար, ով 3 պատերազմ է տեսել Արցախում․ ԵՀԽ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հերթական հոդվածն է հրապարակել արցախյան պատերազմի առնչությամբ, այս անգամ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին։

«Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շուրջ 33 տարի եղել է Արցախի թեմի առաջնորդը՝ երեք պատերազմներ ապրելով Արցախում և ասում է, որ նոյեմբերին ավարտված 2020 թվականի պատերազմը վատագույնն էր»,-այս մասին գրում է ԵՀԽ կայքը։

«1989 թ. ինձ ուղարկեցին ղեկավարելու Արցախի թեմը, որն այն ժամանակ Խորհրդային Միության մաս էր կազմում»,- ասում է Պարգև արքեպիսկոպոսը, որը հունվարին պաշտոնաթող եղավ առողջական պատճառներով և այժմ գտնվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, հրետանի և հրթիռներ:
Պարգև արքեպիսկոպոսը հիշել է, որ 1993-ին նա աշխատել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հետ միջնորդական դերի ընթացքում։

«Ես լավ եմ հիշում, երբ Վազգեն Առաջինն էր կաթողիկոս և ներգրավեց մուսուլմանական ղեկավարությանն այդ տարածքում՝ «հոգևոր առաջնորդների միջոցով ազգերին խաղաղություն բերելու համար»,-ասել է Պարգև արքեպիսկոպոսը:

Նշվում է, որ1992-ի պատերազմում հայկական ուժերը առաջին խոշոր հաղթանակը գրանցեցին մայիսի 8-9-ը, երբ գրավեցին Շուշին` տարածաշրջանի պատմական քաղաքը:

Պարգև արքեպիսկոպոսի համար մեծագույն տխրություն է, որ պատերազմի ընթացքում Շուշիի Հայ Առաքելական տաճարը ենթարկվեց հարձակումների հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով և պղծվեց զավթիչ զինվորների կողմից: Ավերվեց նաև տարածաշրջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի Հովհաննես Մկրտչի եկեղեցին:

«Ես կցանկանայի, որ ամբողջ աշխարհից մարդիկ աղոթեին մեր և մեր տարածաշրջանում խաղաղության համար, բայց ոչ միայն մեր տարածաշրջանում, խաղաղության համար ամբողջ աշխարհում»,- ասում է արքեպիսկոպոսը:

Ասվում է, որ երբ սկսվեց 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Պարգև արքեպիսկոպոսը հրապարակային հայտարարություն արեց՝ հայ ժողովրդին կոչ անելով ուժի և միասնության պատերազմի պայմաններում:

«Եկեղեցու առաքելությունը նույն առաքելությունն է, որը գալիս է պատմությունից. Մեր ժողովրդի համար բերել հավատ, հույս և օգնել նրանց, միավորել, նրանց մարդասիրական օգնություն ցույց տալ, խրախուսել, աղոթել նրանց հետ և օգնել ցանկացած ձևով, լինել նրանց հետ:

Այս պատերազմի ընթացքում մենք տեսանք հազարավոր սպաների և զինվորների Թուրքիայից: Մենք տեսանք շատ միջազգային ահաբեկիչների, ծայրահեղականների. Ես կարծում եմ, որ մեր դեմ կար 4000 ահաբեկիչ»,-ասում է Պարգև արքեպիսկոպոսը։

Նա 2020-ի պատերազմը չի տեսնում որպես պատերազմ կրոնի շուրջ, ինչպես ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ:
«Դա էթնիկ պատերազմ էր: Պատճառը, որ այս հակամարտությունը ծագեց, պայմանավորված էր մարդու իրավունքների հիմնական խնդրով, որը բխում էր Բաքվի իշխանությունների կողմից Արցախում հայ ժողովրդի նկատմամբ մեծ ճնշումից»,- ասում է Պարգև արքեպիսկոպոսը։

Նա նշում է, որ Թուրքիան վերջին պատերազմի ժամանակ օգնել է Ադրբեջանին՝ Պակիստանի հետ միասին, «և նրանք օգտագործել են բազմաթիվ նոր տեսակի զենքեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և Թուրքիայից:

«Սա ամենավտանգավոր պատերազմն էր, որը ես տեսա իմ 32 տարվա ընթացքում»,-ասում է արքեպիսկոպոսը։

«Պարգև արքեպիսկոպոսը 32 տարի ծառայած տարածքը համարում է իր տունը և նրա աչքերում մեծ տխրություն է, երբ խոսում է նրա հետ կատարվածի մասին՝ չնայած շնորհակալ է, որ կարող է այցելել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ»,-գրում է կայքը:

Աղբյուրը՝ panorama.am