Մակրոնը հայտարարել է պատվաստանյութերի պատճառով «նոր տիպի համաշխարհային պատերազմի» մասին

Եվրոպան բախվել է «նոր տիպի համաշխարհային պատերազմին»՝ կապված պատվաստումների հետ:  Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Le Figaro պարբերականին:

Նրա խոսքով` դա պայմանավորված է նաև «Ռուսաստանի և Չինաստանի` պատվաստանյութերի օգնությամբ ազդեցություն տարածելու ցանկությամբ»: Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի նման դեղամիջոցների արտադրության հարցում:

Մակրոնը խոստացել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրության ծավալները և կդառնա պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: Միևնույն ժամանակ, նա առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը չի կատարում Եվրամիություն մատակարարելու իր պարտավորությունները:

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Pfizer  և Moderna ընկերությունները, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց պարտավորություններին: