«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։

Հիմնադրամից հայտնում են, որ համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։

Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։

Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար  աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։

Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիշեցնենք, որ հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: