«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»

«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»,- ֆեյսբուքյան էջում, դիմելով BBC-ին, գրել է Նարինե Արզումանյանը ՝ անդրադառնալով BBC News-ի «Անհետացած եկեղեցու առեղծվածը»  ռեպորտաժի այն հատվածին, որ իբր հայերը քանդել են ադրբեջանցիների գերեզմանները։

«BBC News-ը երեկ ցույց տվեց Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքում ամբողջությամբ քանդված հայկական եկեղեցին, ապա հավասարեցնելու համար որոշ քարեր, որոնք ադրբեջանցիները հավաքում և ներկայացնում էին որպես «հայերի կողմից ավերված գերեզման»։
Այս լուսանկարներն արվել են տարիներ առաջ Արցախում գտնվող Տիգրանակերտի հնագիտական վայրում»,- գրել է Նարինե Արզումանյանը՝ հրապարակելով նկարներ։ 

Հիշեցնենք, որ «Անհետացած եկեղեցու առեղծվածը» Արցախի մասին ռեպորտաժում BBC-ի թղթակից Ջոնահ  Ֆիշերը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում հայկական եկեղեցու անհետացումը: Ֆիշերը, որն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ցույց է տալիս, որ Մեխակավանի (Ջեբրայիլ)  Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

«Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերին ողջունում է Լեռնային Ղարաբաղում, բայց Հայաստանը նրան մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ»,-ասվում է BBC-ի նյութում: