Ամեն օր Արցախի «Բալիդջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթուցիկ առարկա

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման սակրավորական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Արցախի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:

ՌԴ ՊՆ-ի տեղեկացմամբ, ամեն օր «Բալիդջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է գործողությունների անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ`պայթեցման մեթոդով:

Նախորդ օրը ոչնչացվել է այն զինամթերքը, որը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայողներ ամեն օր ներգրավված են պայթյունավտանգ առարկաների չեզոքացման աշխատանքների մեջ: