Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ–ի բանաձևին. Ռուսաստանն այն անվանել է «ծայրահեղ կողմնակալ»

Ռուսաստանի պատվիրակությունը, մասնակցելով Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանին, «ծայրահեղ կողմնակալ» է համարել Սիրիայի վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի, ԵՄ երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ։

Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Դմիտրի Վորոբյովը նստաշրջանում իր ելույթում հայտարարել է, որ այս փաստաթուղթը «չափազանց կողմնակալ է, կառուցված է չհիմնավորված շահարկումների և կեղծ դատողությունների վրա, խեղաթյուրում է իրականությունը և բացահայտ քաղաքականացված է»:

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը փորձել է «բրիտանացի գործընկերների կողմից պատրաստված» բանաձևի նախագծում «գոնե ինչ-որ խելամիտ  հատիկ կամ օբյեկտիվության նշույլ գտնել»: Այնուամենայնիվ, հեղինակները «չեն հապաղել հնարավորինս խտացնել գույները՝ պատրաստելով միակողմանի, անհավասարակշիռ և անհասկանալի փաստաթուղթ և դրա մեջ ներառել բոլոր մտացածին ու անհասկանալի մեղադրանքները՝ դրանք հասցեագրելով միայն սիրիական հակամարտության կողմերից որևէ մեկին»։ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ բանաձևում «բացակայում է ահաբեկչության դեմ պայքարի թեման և այդպիսով աղավաղվում է Սիրիայում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառը: Բացի դրանից՝ չի բացահայտվել «Սիրիայի տարածքի մի մասի օտարերկրյա օկուպացիա և բնական պաշարների թալան» թեման, ճգնաժամը հաղթահարելու՝ սիրիական իշխանությունների ջանքերն աննկատ են մնացել:

Ռուսաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել Հայաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան: Չինաստանի ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ դրա բովանդակությունը «անարդար և կողմնակալ է», իսկ փաստաթուղթն ինքնին «միակողմանի ճնշում է գործադրում Սիրիայի կառավարության վրա»:

Փաստաթղթին աջակցել են ՄԱԿ–ի ՄԻԽ-ը կազմող 47 երկրներից 27-ը։