Ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Թե ո՞ր ընտրակարգով կկայանան ընտրությունները, խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի և կընդունի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«ԲՀԿ-ն ունի վստահության այնքան քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է իր վստահությունն իրացնել և ստանալ ընտրողների քվեն։ Մեզ համար կարևոր է, որ վարչական որևէ ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերն ստանում ենք, նախանշաններն էլ տեսանք մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում, Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում, երբ «առաջնագիծ» էին բերվել դպրոցական երեխաները։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն էլ, թե երեխաներն իմացել են՝ Նիկոլ Փաշինյանն է եկել, դրա համար են խանդավառությամբ գնացել, ինձ համար, իհարկե, ծիծաղելի են»,-ասաց նա։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ, այնուամենայնիվ, ընտրությունները հունիսի 20-ին չեն կայանա, Զոհրաբյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ տեսակը, և որ վաղը, հնարավոր է, իր հերթական «լայվերից» մեկով հայտարարի, որ ընտրությունների հանրային պահանջ չկա, չեմ կարող միանշանակ պնդել, որ վաղը, մյուս օրը ինչ-ինչ պատճառաբանություններով կարող է հայտարարվել, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ Այս տարիների ընթացքում նա մի քանի անգամ արել է հայտարարություններ, որոնք հետո հերքել է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե 100 տոկոսով բարձրացվել են ոստիկանների աշխատավարձերը՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ, և հարցին՝ սրա մեջ հատուկ ուղերձ տեսնո՞ւմ է, Զոհրաբյանն արձագանքեց՝ միանշանակ՝ այո։

«Այս ընթացքում ոստիկանները 24-ժամյա ռեժիմով զբաղված էին ընդդիմադիրներին վերահսկելով։ Սա հստակ ուղերձ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել այն ինստիտուտների աշխատակիցների աշխատավարձերը, որոնք ապահովելու են իր քարոզարշավային անվտանգությունը»,-նշեց նա։