Չի լինում այնպես, որ ինչ-որ մի համակարգի մի մասը գործի, մյուսը՝ չգործի. Սեյրան Օհանյանը՝ ՍՈՒ-երի մասին

Պետք էր այնպես անել, որ բազմաֆունկցիոնալ նշանակությունն ամբողջությամբ գործի, ընդ որում՝ բոլոր խոցման միջոցները, որոնք նախատեսված են տվյալ համակարգի համար, պետք է ինքնաթիռի հետ միասին գային հասնեին Հայաստան։ Այս մասին «Փաստինֆոի» հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍՈՒ-30 կործանիչների համար նախատեսված «աքսեսուարները» չէին հասցրել գնել՝ նախքան պատերազմը։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ զենքի գնումն իրականացվում է միջպետական համապատասխան համաձայնությունների շրջանակներում։ Կոնկրետ նշված զինատեսակը, որոնք գնվել են Ռուսաստանից, իրականացվում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանի համաձայն՝ ներկայացվում է հայտ և բանակցություններ են ընթանում։

«Խոսքը գնում է բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգի՝ ՍՈՒ-30 ՍՄ-ների մասին, որը հագեցված է համապատասխան համակարգերով, որոնք վերաբերում են ավիացիային, հետախուզությանը, ռադիոլոկացիոն գործունեության իրականացմանը, ռադիոէլեկտրոնային պայքարին և հարվածային խնդիրների իրականացմանը, այսինքն՝ սպառազինություն, հրթիռներ, արկեր, որոնցով պետք է խոցում իրականացնել։

Բանակցություններն ընթանում են ամբողջական կարգով, չի լինում այնպես, որ ինչ-որ մի համակարգի մի մասը գործի, մյուսը՝ չգործի։ Այսինքն՝ եթե բանակցվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա ՀՀ ռազմական ավիացիայի ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, կապի, հետախուզության համապատասխան մասնագետները պետք է այդ ուղղությամբ բանակցեին և այնպիսի պայմանավորվածության գային, որ տվյալ համակարգն ամբողջությամբ հագեցված լինի՝ իր բոլոր խնդիրների իրականացմամբ»,- նշել է Օհանյանը։